«Լարկո գրուպ» կազմակերպությունը փորձում է սպառնալիքների միջոցով վախեցնել Սայաթ Նովա 10 եւ 15 հասցեի շենքերի բնակիչներին: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, լրագրողներին ասաց Սայաթ Նովա 10, 15 հասցեների բնակիչների շահերի պաշտպան Ալբերտ Կանդալյանը:
«Փաստաբանի միջոցով բնակիչներին փոխանցել են այդպիսի պահանջ, որ եթե դուք պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները, մենք ձեզանից կպահանջեք հազարավոր դոլարներ և այլն»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանի կարծիքով, այսօր դատավորների վրա մեծ ճնշում են գործադրում, բայց արդար դատավորներ, այնուամենայնիվ կան, և ինքը հուսով է, որ արդար դատավոր կքննի իրենց հայցը:
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Խաչատրյան Մերին տեղեկացրեց, որ կենտրոնը դատապարտող նամակ է ուղարկել քաղաքապետին, նաև խնդրանքով դիմել են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը, որպեսզի վիճելի տարածքում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի և հարակից շենքերի սեյսմակայունությունը ստուգի և եզրակացություն տրամադրի բնակիչներին։ Մինչև այժմ պատասխան չեն ստացել:
Իրավաբանն ասաց, որ իրենք դատապարտում են Երևանի քաղաքապետի վարած քաղաքականությունը, որը շարունակում է քաղաքի կենտրոնը ծանրաբեռնել բազմաբնակարան շենքերով. «Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանը կտրոնների նման դակում է շինարարության թույլտվությունները, և որևէ հիմնավորում, պատճառաբանություն չի տալիս»:
Մերի Խաչատրյանը վրդովմունք հայտնեց, թե արդյոք այդքան շատ բազմաբնակարան շենքերի կարիք կա, երբ գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչները մնացել են փողոցում` Կոնդի բնակիչներ, Արամի և Բյուզանդի փողոցի բնակիչներ և այլն: «Մենք պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը անդրադառնա այս հարցին, ուսումնասիրի, թե Հայաստանը այսօր պահանջարկ ունի՞ բազմաբնակարան շենքերի»,- ասաց իրավաբանը:
Փաստաբան Կանդալյանի խոսքով՝ իրենք օրենքով սահմանված կարգով դիմել են քաղաքապետարան` բնակիչների առանձին-առանձին դիմումներով: «Օգտվելով առիթից՝ Վարչարարության օրենքի 63 հոդվածով կխնդրեի քաղաքապետարանին, երկրորդ հոդվածի համաձայն ինքնուրույն որոշել այս հարցը, անվավեր ճանաչել շինարարության որոշումը և չստիպել քաղաքացիներին դիմել դատարան, որ «Լարկո գրուպն» էլ իրավունք չունենա 50 հազար դոլարի պահանջ ներկայացնել»,- ասաց Ալբերտ Կանդալյանը՝ հիշեցնելով Կոմիտաս 5-ի նախադեպը, որտեղ դատարանը բնակիչներին հարկադրել է վճարել 40 հազար 600 դոլար վճարել կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ին՝ բանկից վերցած վարկի տոկոսները փոխհատուցելու համար։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























