Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ եւ նոր սկիզբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Մշակույթի նախարարության այցի ժամանակ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նախարարության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ:

Հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, եւ արդյոք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, նախագահը պատասխանել է. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ եւ նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաեւ մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, եւ ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները եւ, երեւի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իրականություն կդառնա նաեւ այս հանդիպումների արդյունքների հիման վրա»: