Դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, եւ այսօր բոլորիս խնդիրն է եւ առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Մշակույթի նախարարության այցի ժամանակ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նախարարության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ:
«Սա չափազանց դժվար, մեծ եւ պատվաբեր աշխատանք է»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ եւ կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երեւույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի եւ իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաեւ պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաեւ նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարեւոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաեւ ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է նախագահը:
Նա հորդորել է նաեւ ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարեւոր է եւ անհրաժեշտ:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգեւատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի՝ որպես մշակույթի սպառողի ձեւավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները եւ նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման եւ տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձեւավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում եւ միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:





























