Գուլնարա Քարիմովան՝ Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը, մտադիր է հեռանալ երկրից, շաբաթ օրը «Ինտերֆաքսին» անունը չհրաարակելու պայմանով հայտնել է նրան պատկանող խոշոր ընկերության՝ Terra group-ի մենեջերներից մեկը։

«Մեզ հայտնի է դարձել, որ Գուլնարա Քարիմովան ցանկանում է լքել երկիրը», - ասել է գործակալության զրուցակիցը: Ընդ որում, նա չի կարողացել նշել  այն երկիրը, ուր պատրաստվում է մեկնել Քարիմովան:

Այս տեղեկության պաշտոնական հաստատում չկա. Գ. Քարիմովայից մեկնաբանություններ հնարավոր չէ ստանալ:

Հիշեցնենք,  լրատվամիջոցները գրել էին, որ հոկտեմբերի վերջին Քարիմովների ընտանիքում սկանդալ էր ծագել: Ըստ վարկածներից մեկի` դրա պատճառը կարող էր լինել Քարիմովայի զարմիկ, Ուզբեկստանի նախագահի քրոջ որդի Աքբարալի Աբդուլաեւի ձերբակալությունը: Ըստ որոշ տեղեկությունների` ԱԱԾ-ն Իսլամ Քարիմովին Աբդուլաեւի նախագահական հավակնությունների վերաբերյալ զրպարտող փաստեր էր ներկայացրել: Դրանից հետո Գուլնարան իբր փորձել էր փրկել հարազատին ձերբակալությունից եւ ԱԱԾ-ի ղեկավարության դեմ էր հանդես եկել: Նա պնդել էր, որ հատուկ ծառայության պետ Ռուստամ Ինոյատովը մտադիր է զավթել երկրի իշխանությունը: ԱԱԾ-ն ի պատասխան Քարիմովին էր հանձնել արդեն  դստերը զրպարտող փաստեր: