Էջմիածին քաղաքում նոյեմբերի 22-ի ուշ երեկոյան տեղի ունեցած վրաերթի հետեւանքով 26-ամյա երիտասարդի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 244 հոդվածի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող եւ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից` սույն օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետեւանքների առաջացման դեպքում): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ  փրկարար ծառայությունը նոյեմբերի 22-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային եւ վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վերջինս տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: