Աշխատանքային այցով, նոյեմբերի 20-22-ին, Հայաստան է ժամանել ՌԴ Անվտանգության խորհրդի, Սպորտի նախարարության եւ Օլիմպիական կոմիտեի միասնական պատվիրակությունը` ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի գլխավորությամբ, հաղորդում է ԱԱԽ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակում ռուսական պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում` մասնավորապես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սպորտաձեւերի մասով, հայ-ռուսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Ի լրումն. Ռուսական պատվիրակության անդամներն այցելել են Հայաստանի սպորտային ենթակառուցվածքներ, այդ թվում` Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիր:
Քննարկումների արդյունքում հայկական եւ ռուսական կողմերը արտահայտել են իրենց շահագրգռվածությունը ՀՀ եւ ՌԴ օրենսդրության համապատասխան Ծաղկաձորի Գլխավոր սպորտային համալիրի միասնական շահագործման հարցի վերաբերյալ, հայ եւ ռուս սպորտսմենների պատրաստման համար հետագա արդիականացման եւ օգտագործման նպատակով հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածքի հիմնման հարցերի շուրջ:
Ազգային անվտանգության խորհրդում ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը եւ ՌԴ Սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովը ստորագրեցին ռուսական պատվիրակության` Հայաստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մտադրությունների մասին արձանագրություն:




























