Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գրոհայիններն առեւանգել են երեխաների պատվաստումներով զբաղվող 11 մարդու, հաղորդում է Reuters գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ծայրահեղականների խմբավորումն առեւանգել է Բարա շրջանի (Աֆղանստանին սահմանակից «ցեղերի գոտի») դպրոցներից մեկի ուսուցիչներին այն բանից հետո, երբ ուսումնական հաստատությունում ավարտվել է պոլիոմելիտեի դեմ երեխաների պատվաստումը:

Ինչպես հաղորդում են տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչները, գրոհայինները առեւանգվածներին տարել են ծայրահեղականների կողմից վերահսկվող շրջան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պակիստանում գործող «Թեհրիք-ի-թալիբան Պակիստան» շարժման թալիբները հաճախ են հարձակվում բուժանձնակազմերի վրա, որոնք տեղացիներին պատվաստում են պոլիոմելիտի դեմ՝ տարածաշրջանում ամենավտանգավոր հիվանդություններից մեկը: Ծայրահեղականները հայտարարում են, որ ամեն տեսակ պատվաստում հակասում է մահմեդականության նորմերին, ու անհրաժեշտ է արգելել դա: