Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով քննչական մարմինը որեւէ գործողություն չի կատարում, նրա միակ քայլը դատարան դիմելն էր՝ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Պաշտպանական կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, քանի որ կարծում է, որ ազատամարտիկի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրան փորձում են մեկուսացնել: Արա Զաքարյանի փոխանցմամբ՝ նախաքննության մարմինը  անգործության է մատնված, որեւէ գործողություն չի կատարում, նույնիսկ առերեսում չի արվել, կալանավորման հիմքերը չի տրամադրում դատարանին՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է: Նա հույս ունի, որ գոնե Վերաքննիչ դատարանը կփոխի իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Արա Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ ազատամարտիկի առողջական վիճակը նորմալ է, նա խորհուրդ չի տվել դիմել ծայրահեղ քայլերի, օրինակ՝ հացադուլի դիմել, քանի որ դա անիմաստ է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: