Թաիլանդում ընդդիմությունը հակակառավարական զանգվածային երթ է սկսել Բանգկոկի փողոցներում: Բողոքողները մտադիր են արգելափակել կառավարական հիմնական հաստատությունների աշխատանքը եւ հասնել «կառավարության խաղաղ տապալմանը»:
Ցուցարարներն ուղեւորվում են 13 տարբեր նպատակակետեր, որոնց շարքում են կառավարական հիմնական գործակալությունները եւ գերատեսչությունները, այդ թվում նաեւ՝ պաշտպանության նախարարությունը եւ հեռուստաալիքները: Ցույցի կազմակերպիչները պնդում են, որ իրենց երթը խաղաղ բնույթ է կրում, սակայն համախոհներին կոչ են անում անջատել կառավարական շենքերի ջրամատակարարումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ Բանգկոկի նահանգապետ Սուքհումբհանդ Փարիբաթրատի՝ նոյեմբերի 24-ին Թայլանդի մայրաքաղաքի կենտրոնական հատվածի Ժողովրդավարության հուշարձանի մոտ հավաքվել էր 400 հազար մարդ, որոնք իրենց անվստահությունն էին հայտնում կառավարությանը:
Ցույցի մանսակիցները դեմ են կառավարության նախկին ղեկավար Տաքսին Չինավատի հետ Թայլանդի ներկայիս կառավարության ունեցած կապերին: Չինավատը իշխանությունից հեռացվել էր 2006թ. ռազմական հեղաշրջման հետեւանքով, իսկ ավելի ուշ դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ ծառայողական դիրքը չարաշահելու համար:




























