«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի փաստաբանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նրանք Վերաքննիչ դատարանում կբողոքարկեն Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու, որի համար էլ նա տեղափոխվել է «Նուբարաշենի» հոգեբուժարան:
Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկել Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու։
Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի 1-ից հետո «Յոթի գործով» անցնող Շանթ Հարությունյանը, որը մեղադրվում էր ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»), 2009թ. մայիսի 13-ին ազատ արձակվեց փորձագետների եզրակացության հիման վրա՝ առ այն, որ Շանթ Հարությունյանը «հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ է եղել»։




























