Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հայտարարել է, որ Սիլվիո Բեռլուսկոնիի գործերին միջամտելու եւ ներման համար միջնորդելու հիմքեր չի տեսնում, հայտնում է Diretta News-ը:

Ըստ Նապոլիտանոյի՝ երկրի նախկին վարչապետը դատապարտվել է  լուրջ մեղադրանքներով եւ պետք է  հարգի պետական կառույցը: Մեկ օր առաջ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ Նապոլիտանոն պետք է ներում շնորհի իրեն՝ «հանրօգուտ աշխատանքների խայտառակությունից» զերծ պահելու համար: Այնուամենայնիվ, ներման համար նախագահին պաշտոնական խնդրանք դեռ չի ուղարկվել, հայտնում է Agence France-Presse-ը:

Իտալիայի Սենատում նոյեմբերի 27-ին քննարկվելու է Բեռլուսկոնիին այդ պալատից բացառելու հարցը՝ նրան մեքենայության մեջ մեղավոր ճանաչելու համար: Նախկին վարչապետն իր դեմ հարուցված բոլոր գործերը համարում է քաղաքականացված, իսկ իր հնարավոր բացառումն անվանում է  «պետական հեղաշրջում», հաղորդում է Lenta.ru-ն:

Մեքենայության գործով վերջնական դատավճիռը կայացվել էր 2013թ. օգոստոսին: Բեռլուսկոնին դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Նախկին վարչապետը խնդրել էր ժամկետը փոխարինել հանրօգուտ աշխատանքներով, քանի որ տարեց մարդկանց իտալական օրենսդրությունը բանտարկության այլընտրանքային հնարավորություն է ընձեռում: Բացի դրանից, հոկտեմբերին Բեռլուսկոնիին արգելվել էր պետական պաշտոններ զբաղեցնելը: Նա նաեւ  մեղավոր էր ճանաչվել անչափահաս մարմնավաճառուհու հետ ունեցած կապի, ինչպես նաեւ իր քաղաքական ընդդիմադիրների գաղտնալսման ոստիկանական տեղեկության արտահոսքի կազմակերպման մեջ: Այդ գործերի դատավճիռները դեռ ուժի մեջ չեն մտել, քանի որ բողոքարկվել էին: