ԱԷՄԳ-ի 19 աշխատակիցներից բաղկացած խումբը, որը մեկնել է Ճապոնիա, զեկույց կպատրաստեն «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարային 4-րդ էներգաբլոկը շահագործումից հանելու եւ ռադիոակտիվ ջրի խնդիրը լուծելու վերաբերյալ, երկուշաբթի օրը հայտնում է NHK-ն:
«Վերլուծությունը հատկապես կկենտրոնանա ԱԷԿ-ում աղտոտված ջրի մաքրման փորձերի եւ չորրորդ էներգաբլոկից վառելիքի տարրերն ավելի անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքների վրա», - լրագրողներին հայտնել է խմբի ղեկավար Խուան Կառլոս Լենտիհոն:
Նա նշել է, որ վառելիքի տարրերի տեղափոխման խնդիրը աշխատակիցներին հնարավորություն կտա փորձ ձեռք բերել, որը կարելի կլինի կիրառել այլ էներգաբլոկներից մշակված վառելիքը հեռացնելիս, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Լենտիհոն նաեւ անդրադարձել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ՏԵՊԿՕ օպերատոր ընկերության հետ կայանալիք բանակցություններին: «Թիմում ընդգրկված են փորձագետներ, որոնք ՏԵՊԿՕ-ի ղեկավարության հետ մանրամասն կքննարկեն ջրի աղտոտման խնդիրը: Դա մեզ թույլ կտա մանրամասն գնահատել իրավիճակը եւ ՏԵՊԿՕ-ին հավելյալ առաջարկներ ներկայացնել հարկ եղած դեպքում», - ասել է նա:
Բացի դրանից, ԱԷՄԳ-ի աշխատակիցները պետք է հանդիպեն ճապոնական կառավարության ներկայացուցիչների եւ այլ փորձագետներ հետ:




























