Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Միխայիլ Սահակաշվիլին կարեւոր հարցեր լուծելու հարցում զարմանալի անհամբերություն է ցուցաբերել: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մայլսը:
ԱՄՆ-ում գտնվող Մայլսը նշել է, որ Սահակաշվիլին չկարողացավ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, չկարողացավ երկխոսություն հարթել աբխազական ու հարավօսական կողմերի ներկայացուցիչների հետ: Նա բոլոր հարցերում շատ էր շտապում:
Նախկին դեսպանը նաեւ նշել է, որ Սահակաշվիլին հաճախ երկրում այնպիսի սոցիալ-տնտեսական նախագծեր է իրականացրել, որոնց տնտեսական անհրաժեշտությունը չկար, ինչն էլ հասարակության մեջ բողոքներ է առաջացրել:
Նա նաեւ հավելել է, որ Սահակաշվիլին տարօրինակ «տաղանդ» է ունեցել վանելու բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք ժամանակին նրա համախոհներն են եղել, սակայն ժամանակի ընթացքում հեռացել են: Այս մասին հաղորդում է Գրուզիա- Online-ը:



























