Երեւանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության դեկտեմբերի 12-ին նախատեսված մրցույթի հետ կապված հայտեր առայժմ չեն ստացվել: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 25-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ ԶԼՄ-ներով շարունակաբար իրականացվում է մրցույթների  անցկացման պայմանների եւ ժամկետների վերաբերյալ իրազեկում:

Քաղաքապետը հանձնարարել է  շարունակել աշխատանքներն ու հայտերի ստացման վերջնաժամկետից՝ դեկտեմբերի 4-ից հետո հանրությանը ներկայացնել գործընթացի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված՝ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 7 նմանատիպ շինությունների դեպքում էլ իրականացվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները եւ ուժեղացնել այդ ուղղությամբ հսկողությունը:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական եւ կրթամշակութային հաստատություններում ջեռուցման ապահովման գործընթացի շրջանակում շրջայցեր են կազմակերպվել տվյալ հաստատություններ: Զեկուցվել է նաեւ, որ որոշ դպրոցներում  հայտնաբերված թերությունները շտկվել են, եւ ամենուր ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան: