Լեւոն Թոքմաջյան արվետսագետի հանդեպ որոշակի վերաբերմունք կա, աշխարհը նրան ընդունում է, իսկ մենք նրա ստեղծագործություններում ինչ-որ բծեր, թերացումներ ենք տեսնում։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն  ասաց բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Սրապյանը՝ անդրադառնալով Լեւոն Թոքմաջյանի հեղինակած Ֆլորա Մարտիրոսյանի մարմարե արձանի շուրջ բարձրացած աղմուկին ու հարազատների դժգոհությանը։

«Չեմ խորշում ասել, որ մարգարեն թաղում, պատիվ չունի։ Սա ավելի քան պայծառացած Ֆլորա Մարտիրոսյանն է, ավելի քան լուսեղեն, որ մենք տեսել ենք։ Չեմ իմանում լուրջ արվեստագետ, որ լուսանկարչական պատճենահանմամբ ներկայացնի իր ավեստը, կիսանդրուն նայելուց իրեն տեսնում եմ ապրող, շնչող, սա մահարձան չէ, կենդանի արձան է, ավելին ի՞նչ պետք է լիներ։ Ինչո՞ւ երեք ամիս անց հիշեցիք, որ ինչ-որ բան այն չէ, պայծառ գործ է արված, ավելորդություններ են՝ հոգի, սիրտ թունավորելու համար, պետք չէ աշխատող ձեռքը փորձել թուլացնել»,- ասաց բանաստեղծը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝  հրապարակախոս Արտեմ Հարությունյանը նշեց, որ սա իրեն հիշեցնում է Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ առաջացած աղմուկը։

«Սոցիալիստկան ռեալիզմ կոչվածը այնքան է դաբաղվել, որ քանդակը պետք է ռեալիզմ արտահայտի, մինչդեռ յուրաքանչյուր արվեստագետ ինչքան հեռանում է, այնքան մոտենում է քանդակին»,- ասաց նա՝ հիշելով  Պիկասոյի գործերը, եւ շեշտելով, որ առաջնահերթ է ֆանտազիան։

Նա նշեց, որ Ամերիկայում դասավանդելու տարիներին ան շատ էր հանդիպում Ֆլորա Մարտիրոսյանի հետ, եւ նրա մեջ առկա քամահրանքը առկա է քանդակում, «ինտենսիվ ներկվում էր աջից, ձախից, դա էլ պաշտպանական ռեակցիա էր կնոջ մոտ»։ «Լեւոնի աչքը զարմանալի կերպով մի անգամ նայելով բռնում է դիմագիծը, էությունը, շատ բարձր եմ գնահատում նրա ձեռքը, երգչուհին այստեղ բռնված է, կարեւորը էությունը պատկերելն էր, ոչ թե աուսինը ինչ կասի, թե սա իմ կնիկը չէ, նա մարդ արարած է պատկերել՝ իր քմայքներով»,- ասաց Արտեմ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա 55 տարեկան էր: Ֆլորա Մարտիրոսյանի հիվանդանոցում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է, մեղադրյալներն ազատության մեջ են: Մեղադրյալի աթոռին են հայազգի բժիշկը, նրա օգնականը, բուժքույրը եւ վիրահատությանը մասնակցած մի շարք անձինք, գործով պետք է հարցաքննվի 20 վկա: Մեղադրյալներից ոչ մեկը ձերբակալված չէ, եւ հնարավոր է չձերբակալվեն: Թեեւ նախաքննությունը ապացուցված է համարել, որ սիրելի երգչուհու մահը բժշկի սխալի հետեւանք է, բայց նույնիսկ այդ պարագայում եւ այժմ եւս բժիշկը շարունակում է աշխատել: Նա չի ընդունել իր մեղքը, ընդամենը ասել է՝ «մենք ամեն ինչ արեցինք, բայց չստացվեց»: