Գուգարքում բռնկված խոշոր հրդեհի արդյունքում անօթեւան մնացած 6 ընտանիքներին վարձակալական հիմունքներով կտրամադրվեն բնակարաններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը:
Նա նշեց, որ այժմ փորձում են հրատապ վարձակալական բնակարաններ գտնել, որպեսզի այդ ընտանիքներին տեղավորեն: Այսօր կգումարվի ավագանու նիստ, եւ համայնքի բյուջեից այդ ընտանիքներին կտրամադրեն 80 հազարական դրամ:
«Մարզպետի հետ պայմանավորվել ենք, տարբեր հասարակական կազմակերպություններ կան, կդիմենք»,- ասաց գյուղապետը:
Հրդեհից հետո այդ ընտանիքների անդամները մնացել են իրենց հարազատների բնակարաններում, նրանց բոլոր իրերն այրվել են, ոչինչ չեն կարողացել հանել: Գյուղապետը նշեց, որ Գուգարքը Վանաձորի հետ սահմանակից գյուղ է, այդ փայտյա շինության մեջ ապրողները հիմնական սոցիալապես անապահով խավից էին, ովքեր տարբեր աշխատանքներ էին կատարում Վանաձորում: «Ռուսական փայտյա շինություն էր երկհարկանի, երկրաշարժից հետո ստեղծված, դա պատկանում էր էլեկտրացանցին, սարքել էին իրենց աշխատողների համար, հետո տեսան անկառավարելի է դարձել, բնակիչները մեկը մյուսի վրա է վաճառում, հրաժարվեցին, թողեցին այդ տարածքը, մեզ հանձնեցին»,- ասաց գյուղապետը:
Աշոտ Աշուղյանը նշեց, որ շատ ուժգին հրդեհ էր, ժամեր շարունակ հրշեջները բնակիչների օգնությամբ փորձում էին մարել, իսկ հրդեհի պատճառներն իրեն անհայտ են:
Գյուղապետը վստահեցրեց, որ փորձելու են սեղմ ժամկետում տեղավորել անօթեւան մնացածներին: Նրանք 6 ընտանիք են՝ 25 անձանցով, որոնց մեջ կա 14 երեխա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փրկարար ծառայությունը նոյեմբերի 24-ին, ժամը 19.44-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում այրվում է երկհարկանի փայտյա բնակելի շինություն, որում առկա է վեց ժամանակավոր կացարան:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար: Ժամանակին բնակիչները տարհանվել են: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին: Այրվել են Ժ. Մ.-ին, Վ. Հ.-ին, Վ. Բ.-ին, Օ. Շ.-ին, Ա. Ս.-ին եւ Հ. Շ.-ին պատկանող բնակարանները (ընդհանուր՝ 300քմ):




























