Այս տարվա մայիսի 28-ից Ստամբուլի Գեզի այգու պահպանության համար տեղի ունեցած գործողությունների, մասնակիցների, ձերբակալվածների թվերի մասին է ներկայացրել թուրքական MIlliyet-ը։
Գեզի այգու պահպանության համար սկսված բողոքի գործողություններն սկսվեցին Ստամբուլում եւ Անկարայում եւ տարածվեցին ամբողջ Թուրքիայում, բացառությամբ մեկ նահանգի՝ Բայբուրթի։
Սկսած այս տարվա մայիսի 28-ից 112 օրվա ընթացքում Գեզի այգու համար փողոց դուրս եկածներն իրականացրել են 5 հազար 532 բողոքի ակցիա Թուրքիայի 80 քաղաքներում։
Բողոքի գործողություններին մասնակցել է 3 մլն 600 հոգի, որոնցից 5 հազար 513-ը ձերբակալվել են։ Ձերբակալվածներից 189-ի նկատմամաբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը։ Բողոքի գործողությունների ժամանակ մահացել է 6 հոգի, վնասվածքներ ստացել՝ 5 հազարը։
Ձերբակալվածների 50 տոկոսը եղել են կանայք։ Բողոքի գործողությունների ժամանակ հասցվել է 139 մլն լիրայի վնաս։ Այդ թվից 74 մլն-ը եղել է խանութների, ռեստորաններին հասված վնասը, 15,5 մլնը՝ ոստիկանության մեքենաներին հասցված վնասը, 10 մլն-ը՝ քաղաքապետարանին պատկանող մեքենաներին հասցված վնասը եւ այլն։




























