Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի գործով դատավոր Մխիթար Պապոյանը հնարավոր է փոխվի, ինչի հետեւանքով դատավարությունները որոշ ժամանակով կհետաձգվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:
«Դատավարությունը նոյեմբերի 27-ին է տեղափոխվել: Պապոյանին ուզում են, այլ տեղ տեղափոխել: Նման խոսակցություններ են գնում: Հիմա նոր դատավոր պետք է լինի եւ որոշ ժամանակ էլի դատերը կհետաձգեն: Չեն կարողանում ձերբակալվածների մեղքը ապացուցեն ու միտումնավոր նման արհեստական հետաձգումներ են անում»,- ասաց Սուրիկ Հակոբյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով 16 ձերբակալվածներից 10 ազատ են արձակել: Տեղեկացրել էինք նաեւ, որ ավազակախմբի վնասազերծման գործողությունը սեպտեմբերի 23-ին իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման էին ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել էին փախուստի դիմել, իսկ Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել:
Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում` հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:




























