ՀՀ ՊՆ  N զորամասի զինծառայող Արտյոմ  Պողոսյանը ճաշարանի հերթապահության հանձնման-ընդունման ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել ճաշարանի գույքը, որի հետեւանքով առաջացել է էական վնաս համարվող 379 հազար 981 ՀՀ դրամ` ընդհանուր արժողության 15 անվանում իրային եւ պարենային նյութական միջոցների պակասորդ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Արտյոմ  Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ պատասխանատու լինելով ճաշարանախոհանոցային սպասքի ճիշտ շահագործման ու պահպանման համար, ինչպես նաեւ պարտավոր լինելով հաշվառել ճաշարանախոհանոցային սպասքը եւ հետեւել դրա վիճակին ու պահպանմանը, 2013թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում ծառայության նկատմամբ ցուցաբերել է անփույթ վերաբերմունք, այն է` ճաշարանախոհանոցային սպասքի պահպանման ուղղված ոչ պատշաճ հսկողություն է իրականացրել:

Ճաշարանի հերթապահության հանձնման-ընդունման ժամանակ պատշաճ կարգով չի ստուգել ճաշարանի գույքը, զորավարժության ժամանակ հետեւողական չի գտնվել եւ ճաշարանախոհանոցային ունեցվածքի նկատմամբ հսկողություն չի իրականացրել, որի հետեւանքով առաջացել էական վնաս համարվող 379 հազար 981 ՀՀ դրամ` ընդհանուր արժողության 15 անվանում իրային եւ պարենային նյութական միջոցների պակասորդ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 376  հոդվածի հատկանիշներով` ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս: Սույն հոդվածը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 22-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: