Եվրոպական հրապարակում մի քանի պատգամավոր է տուժել: Այդ մասին հաղորդում է «Բատկովշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:

«Կան տուժածներ, այդ թվում նաեւ մի քանի պատգամավոր: Մեզ մոտ, այն կողմում, որտեղ «Բերկուտն» էր, երեխաներ կային, երիտասարդներ, ծերեր: Այդ առողջ հսկաները, որոնք 120 կգ քաշ ունեն, ճնշում էին նրանց»,- ասել է Ա. Յացենյուկը, հաղորդում է Segodnya.ua-ն:

Բախման պատճառ այն էր, որ ցուցարարները արգելափակել էին մեքենան, դրանից դուրս բերել մարդու, ով իրենց կարծիքով հատուկ ծառայությունների աշխատակից էր ու վերահսկողություն էր իրականացնում:

Այնուհետեւ հրապարակ են դուրս եկել մոտ հարյուր հատուկ ջոկատայիններ, որպեսզի հետ վերցնեն մեքենան, որի շուրջ հավաքվում էին ցուցարարները: Հանրահավաքի մասնակիցները փակել են նրանց ճանապարհը, բախում է տեղի ունեցել: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները հետ են քաշվել: Ոստիկանությունը կիրառել է արցունքավբեր գազ ու զգուշացնող նռնակներ, ինչպես նաեւ ռետինե մահակներ: