ԱՄՆ-ում մահացած երգչուհի, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները այլեւս չեն ցանկանում անդրադառնալ նրա մարմարե արձանի շուրջ առաջացած աղմուկին, քանի որ մի կողմից իրենք են մի բան ասում, մյուս կողմից էլ՝ քանդակագործ, արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի քույրը՝ Անահիտ Սահակյանը:
Նա վրդովված էր Լեւոն Թոքմաջյանի՝ օրերս լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած մտքերից: «Ես սուտխոսան չեմ, ճշմարտությունն եմ ասում, Լեւոնը ինչ ասում է, սուտ է: Հնարավոր է, որ մենք չենք հասկանում քանդակագործությունից, բայց մենք իր փնթի աշխատանքից ենք վիրավորված»,- նշեց երգչուհու քույրը:
Անահիտ Սահակյանն ասաց, որ ի սկզբանե իրենք պատվիրել են ոչ թե արձան, այլ կիսանդրի, քանդակագործը աշխատանքի դիմաց պահանջել է 10 հազար դոլար, որը եւ տվել են: Լեւոն Թոքմաջյանը հարազատներին հայտնել էր, թե քարն արժե 3500 դոլար, մնացածը իր աշխատանքն է, իսկ ասուլիսին նա նշել էր, որ իրեն չնչին կոպեկներ են մնացել այս աշխատանքից:
«1 մետր 20 սմ բարձրությամբ մարմար պետք է լիներ, Ուրալի մարմար էր պետք, մենք ուզեցինք, որ Ֆլորան լինի որ բեմի վրա, ձեռքին՝ միկրաֆոն, ինքը խորհուրդ չտվեց, ասաց, որ կփչանա, կկոտրվի, մենք համաձայնեցինք, այդպես թողեցինք ու գնացինք Ամերիկա: Ինքը կավերի վրա աշխատում էր, ցույց էր տալիս, ասում էինք՝ չէ, մի հատ ուրիշը, ուղարկում էր նկարները, ընթացքում դիտարկումներ արեցինք, մի քանի նկարներից ինչ-որ բաներ միացրեցինք, բայց արդյունքում ստացվեց այն, ինչ-որ քրոջս հեչ նման չէր»,- ասաց Անահիտ Սահակյանը:
Նա նշեց, որ իրենց դժգոհությունը ոչ միայն կապված է այն հանգամանքի հետ, որ արձանը նման չէ Ֆլորա Մարտիրոսյանին, այլեւ դժգոհ են քանդակագործի փնթի աշխատանքից: Երգչուհու քույրն ասաց, որ նախնական պայմանավորվածությունները խախտվել են, քանդակագործը ասել է, թե «քարը Ֆլորայի գաբարիտին չէ, այն պետք է փոխվի»: «Ասաց ներքեւը կանեմ նույն քարից, վերեւի մասը կքանդակեմ, կկպցնեմ իրար, կլինի մեկ ընդհանուր արձան, համաձայնեցինք, որ ընդհանուր արձան է սարքելու: Սկսեց աշխատել, մեկ էլ տեսնում ենք, որ մեր ուզած դեմքը չի, ներքեւի մարմարը լրիվ անկապ մարմար է, խալերով, կետերով, ճաք ունի, կտրել է, ձեւ է տվել, որ չերեւա, վերեւի մասն էլ թեւերը կտրած մի հատ կիսանդրի է, մեր ուզած քանդակը չարեց, մի հատ կիսանդրի սարքեց, տվեց մեր ձեռքը»,-նշեց նա:
Անահիտ Սահակյանը շեշտեց, որ իրենք հասկանում են, որ քանդակը չի կարող արտացոլել լուսանկարում պատկերված Ֆլորա Մարտիրոսյանին, բայց դրանից բացի՝ այլ խնդիրներ կար: «Ինքը իր փնթի գործերը չի ասում, շատ վատ գործ է արել, ներքեւի մարմարը կապ չունի վերեւի մարմարի հետ, խալերով, անցքերով, էդ կարը փինաչու գործ է: Դա մեր վճարած գումարին համապատասխան գործ չէ: Մենք իրենից ուզել ենք արձան, ասաց՝ փեշ կանեմ ու չի արել, քառակուսի մի քար է, վերեւը՝ թեւերը կտրած մի կիսանդի: Ինքը իր աշխատանքը, իր փնթիությունը թող ասի, ոչ թե ընտանիքների մասին խոսա, ընտանիքները շատ էլ լավն են»,- ասաց Ֆլորա Մարտիրոսյանի քույրը:
Երգչուհու մահվան տարելիցի առթիվ Հայաստան ժամանած հարազատները երկու օրից կմեկնեն ԱՄՆ, նրանք ոչինչ չեն պատրաստվում անել արձանի մասով, չեն ուզում նորից քաշքշուկի մեջ ընկնել, ոչ էլ կարող են այդ արձանը հանել եւ նորը պատվիրել, «10 հազար դոլար ենք տվել, հանենք նորից այդ գումարը որտեղից»:
Նշենք, որ արձանի հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը հայտարարել էր. «Քրոջ ընտանիքը եւ ամուսինը իրարամերժ են, քրոջ ընտանիքը ասում էր, որ մենք քեզ ճանաչում ենք, պետք է ազատ աշխատես, ամուսինը գտնում էր, որ ես լուսանկարչություն անեմ։ Ամուսնու կողմից մեղադրանք կա, որ սա Ֆլորան չէ, հարց է առաջանում՝ միթե սա պղծում չէ Ֆլորայի հիշատակին, փոխանակ գային, ծաղիկ դնեին, հավերժացնեին նրա հիշատակը, գալիս պղծում են, միթե Ֆլորան նրանց համար արժեք չունի։ Ես ամեն ինչ արել եմ, որ ստանամ իրական Ֆլորան, բայց սա ինչ-որ ընտանեկան տարաձայնությունների արդյունք է, այս աշխատանքը արժանի է գնահատման եւ պետք է իմ աչքերով նայեն Ֆլորային։ Ես մի անգամ ասել եմ, եթե շատ էիք ուզում լուսանկար լիներ, փայլեցված քարի երեսին նկարը դնում են եւ ծեծում են, նույնիսկ եթե Միքելանջելոն արթանար, չէր կարող այս գունագեղ նկարից ստանար Ֆլորային։ Առանց ամաչելու ամուսինը օվկիանոսից այն կողմ ինձ դասեր է տալիս, մի արվեստագետի, որ ամբողջ աշխարհում ինձ ճանաչում են, Ամերիկայից ինձ դասեր են տալիս եւ հրահանգներ են տալիս»: Նա նաեւ նշել էր, որ սա տհասության արդյունք է, նրանք չեն իմանում քանդակն ինչ բան է,սա տգիտության արդյունք եմ համարում, ուզում էին լուսանկարը լիներ, բայց ես չէի կարող մարմարը ներկել աչքերի մոտ կապույտ քսել, ինքը պարիկ էր դնում:




























