68-ամյա Գեւորգ Մ.-ն մեղադրվում է եղբոր թոռնուհու մոտ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 68-ամյա Գեւորգ Մ.-ն, հայրական տան եւ հողամասի բաժանման հարցի շուրջ այս տարվա հոկտեմբերի 6-ին Արարատի մարզի գյուղերից մեկում գտնվող իրենց տան տնամերձ հողամասում եղբոր կնոջ` Ֆրիդա Մ.-ի ներկայությամբ, եղբոր թոռնուհի` ակնհայտ 16 տարին չլրացած Գ. Մ.-ի սեռական բնազդը գրգռելու եւ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու համար կատարել է անառակաբարո գործողություններ: Այն է`իջեցրել է իր սպորտային անդրավարտիքը:
Քրեական գործ է հարուցվել 142 հոդվածի 1-ին մասով (ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` սույն օրենսգրքի 140-րդ կամ 141-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 26-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























