Երկուշաբթի օրը Ազգային ժողովում քվեարկության է դրվելու ոչ թե սովորական համաձայնագիր, այլ Հայաստանի ինքնիշխանության հարցը: Այդ մասին ասվում է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության տարածած թռուցիկներում, որոնք վերջին օրերին բաժանվում են Երեւանի փողոցներում:
««Հանրապետական» կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թաքցրել է, որ 2011 թվից Հայաստանը 300 մլն դոլար պարտք է կուտակել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը:
Այժմ այդ պարտքի դիմաց 100%-ով Ռուսաստանին է հանձնում գազի ոլորտը՝ վտանգելով մեր պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը:
Ռուսաստանի հետ փորձում են կնքել համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանը իրավունք չունի գազ առնել որեւէ այլ ընկերությունից:
Հայաստանի գազի ոլորտի բոլոր ենթակառուցվածքները տնօրինելու է Ռուսաստանը:
Ռուսաստանը իրավունք է ստանում գազի ոլորտի գույքը եւ տնօրինման իրավունքները վաճառել ուրիշ երկրի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին:
Հայաստանի ապագա ոչ մի օրենք չի կարող փոխել կամ չեղյալ համարել այս համաձայնագիրը:
Հայաստանի գազի ոլորտի եւ սպառողների մասին տեղեկություններն այլեւս պետական գաղտնիք չեն, Ռուսաստանը կարող է տրամադրել դրանք ցանկացած երրորդ կողմի, օրինակ՝ Թուրքիային կամ Ադրբեջանին:
Հայաստանը իրավունք չունի գազ արտահանել, օրինակ՝ դեպի Արցախ:
Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում ՀՀԿ-ն պատրաստվում է վավերացնել այս համաձայնագիրը:
...Երկուշաբթի, ամսի 23-ին, ժամը 11:30-ին լինել Ազգային Ժողովի դիմաց: Վարորդները կարող են մեքենաներով ողողել Բաղրամյան փողոցը եւ միացնել ազդանշանները:
Եթե մենք իսկապես շատ լինենք, կարող ենք շրջափակել Ազգային Ժողովը եւ թույլ չտալ վավերացնել այս դավաճանությունը»,- ասվում է հայտարարության մեջ:





























