Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի  գործով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Քննիչը այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող դերասանին, նա հրաժարվել է ցուցմունք տալ՝ հայտնելով, որ մինչեւ չդադարեցնեն ապօրինությունները, ինքը ցուցմունք չի տալու:

Վարդան Պետրոսյանի եւ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.

Քննիչ. Մենք Ձեր կալանքը երկու ամսով երկարացնում ենք:

Վարդան Պետրոսյան. Իսկ ինչի՞ համար:

Քննիչ.  Դուք կարող եք այլ հանցագործություն կատարել:

Վարդան Պետրոսյան. Ե՞ս:

Քննիչ.  Այո, դուք կարող եք օրենքով արգելված նոր արարք կատարել եւ դատավարության մասնակից այլ անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել:

Վարդան Պետրոսյան. Ե՞ս

Քննիչ. Այո, դուք

Վարդան Պետրոսյան. Սցենարը ոնց որ թե դուք եք գրում, ոչ թե ես:

Այս խոսքերից հետո քննիչը ոչինչ չի պատասխանել Վարդան Պետրոսյանին: Նրա խափանման միջոցը երկարացնելու խնդրով դատական նիստը կկայանա առաջիկա երկու օրերին:

Նիկոլայ Բաղդասարյանը շեշտեց, որ առնվազն անտրամաբանական է, որ  ազատության մեջ մնալով՝ Վարդան Պետրոսյանը կարող է  նոր արարք կատարել: Նա նաեւ նշեց, որ դերասանի առողջական վիճակը լավ է, բայց «Դատապարտյալների հիվանդանոցում» նա լրիվ չի կարող ապաքինվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:

Ինգա Մարտինյան