Հայաստանի ԳԱԱ-ում դեկտեմբերի 26-ին կկայանա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների պարգեւատրման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ. Մատիրոսյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն նախարարի տեղակալ Ա. Քարամյանը:

«Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթը միտված է օժանդակելու մեր երկրի երիտասարդ մտավոր ներուժի խրախուսմանը` ի դեմս տաղանդավոր ստեղծագործող երիտասարդների, նպաստելու երիտասարդ գիտնականների տեսական եւ կիրառական նշանակություն ունեցող լավագույն նախագծերի բացահայտման միասնական համակարգի ձեւավորմանը:

Գիտահետազոտական նախագծերը ներկայացվել են հետեւյալ ուղղություններով.

- տեխնիկական գիտություններ` ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, հանքագործություն, շինարարություն, ճարտարապետաշինություն, դիզայն, ռադիոտեխնիկա, էլեկտրատեխնիկա, բժշկական կիբեռնետիկա, էներգետիկա, ավտոմատիկա, կապ, մեքենա եւ սարքաշինություն, նոր նյութերի ստացման տեխնոլոգիա, գեոդեզիա,

- բնական գիտություններ` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, երկրի մասին գիտություններ, կենսաբանություն, էկոլոգիա, կենսատեխնոլոգիաներ, բժշկագիտություն, դեղագիտություն, կենսաքիմիա,

- հումանիտար եւ սոցիալ-տնտեսական գիտություններ` պատմություն, հոգեբանություն, քաղաքագիտություն, հայագիտություն, մշակութաբանություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, մանկավարժություն, մարկետինգ, տնտեսագիտություն, վիճակագրություն:

- Յուրաքանչյուր ուղղությամբ  սահմանվել էր երեքական մրցանակ: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 1 800 000 ՀՀ դրամ:

«Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթի արդյունքներն ամփոփվել են 2013 թվականի դեկտեմբերի 16-ին:

 Հաղթող են ճանաճվել հետեւյալ նախագծերը`

  տեխնիկական գիտություններ`

- «Սիլիցիումի հիմքի վրա Vis-NIR ալիքային տիրույթի եւ միջուկային ճառագայթման դետեկտորների պատրաստման լազերային տեխնոլոգիա» - Գեւորգ Վարդանյան- ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնային ինստիտուտի գիտաշխատող ՊՈԱԿ գիտաշխատող,

- «Համակցված սնման համակարգով ավտոմոբիլների շահագործման արդյունավետության բարելավման գիտատեխնիկական սկզբունքները» - Արման Սիմոնյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ավտոմոբիլներ եւ տրակտորներ» ամբիոնի դոցենտ,

- «Տրանսպորտի մոնիթորինգի համակարգ» - Վահագն Աղաբաբյան- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն - Հատուկ խրախուսական մրցանակ` տեխնիկական գիտությունների բնագավառում թեմայի արդիականության համար

 բնական գիտություններ`

1. «Գերարագ օպտիկական օսցիլոգրաֆ» - Արամ Զեյթունյան- ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետ, գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիա, գիտաշխատող,

2. «Հակավիրուսային հատկանիշներով սինթետիկ օլիգոնուկլեոտիդների նախագծումը խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի համար» - Հովակիմ Զաքարյան - ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,

3. «Խաղողի խխունջը` որպես ծերացման դեմ միջոց» - Գոհար Ցականովա- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, գիտաշխատող

հումանիտար եւ սոցիալ-տնտեսական գիտություններ`

1. «Մանկավարժական հաղորդակցման մոդելների ազդեցությունը սոցիալական արժեքների կայունության, վերարտադրության եւ փոփոխման գործում» - Աննա Ալեքսանյան- ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, մանկավարժության ամբիոնի դասախոս,

2. «Իրանի գործոնը Ադրբեջանի էթնիկ կազմի իրանական շերտի միավորների ինքնության պահպանման հարցում»-Ահարոն Վարդանյան-ԵՊՀ ասպիրանտ, Արտյոմ Տոնոյան-ԵՊՀ ասպիրանտ,

3. «Դեմոտիվացիոն գործոնները սպորտի գործունեության մեջ» - Բարեղամ Մնացականյան- Ռուսաստանի Դաշնության «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության եւ տուրիզմի պետական համալսարանի»  ասպիրանտ: