Թուրքիայում դեկտեմբերի 25-ի կեսօրին հրաժարական ներկայացրած Բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը սկանդալային հայտարարություն է արել՝ կոչ անելով Թուրքիայի վարչապետին հրաժարական տալ։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարը հրաժարականի մասին հայտնելուց հետո նշել է, թե չի ընդունում այն, ինչը տեղի է ունեցել իր հետ։ Նա պատմել է, որ «մեծ կաշառք» գործողությունների համատեքստում կուսակցությունից իրեն 2 տեքստ են ներկայացրել, որոնցից մեկում ներկայացված է եղել իր հրաժարականի տեքստը, մյուսում դրա դեկլարացիան։ «Իհարկե, ես կուզեմ, որ իմ կուսակիցները հանգիստ լինեն, սակայն նման բաները ճիշտ չեն, քանի որ հետաքննության դոսյեում առկա եւ հետագայում ավելացված ծրագրերում եղել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությունը եւ նրա հրահանգով են արվել դրանք։ Այդ իսկ պատճառով ես անհրաժեշտ եմ համարում, որ պարոն վարչապետն էլ հրաժարական ներկայացնի»,-ասել է Էրդողան Բայրաքթարը։

Նշենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը եւ Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հրաժարական են ներկայացրել՝ հայտնելով, թե դա արել են սկսված կեղտոտ խաղերի դեմ առնելու եւ սկսված հետաքննության անաչառ անցկացման համար։

Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են  հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության  նախարարների որդիները։