Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի է ունեցել «Ոսկե հասկ» 7-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ մրցանակի է արժանացել Վլադիմիր Մովսիսյանը:

Այն կազմակերպել էին համալսարանի ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել բուհի ուսումնագիտական եւ հասարակական գործընթացներում մասնակցություն եւ ներդրում ունեցած անձանց ու կառույցներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ մինչեւ նախարար դառնալը պատիվ է ունեցել ագրարային համալսարանի կողմից արժանանալ «Ոսկե հասկ» մրցանակին։

«Համալսարանի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձ» անվանակարգում մրցանակը շնորհվեց պետական, քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին։ Վլադիմիր Մովսիսյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի համար, 3 բան է մաղթել երիտասարդներին՝ լինել առողջ, հաջողակ եւ խաղաղություն՝ երկրին ու մեր հոգիներին, քանի որ առանց մեր ներքին խաղաղության, չի կարող ընդհանրապես լինել խաղաղություն։  

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ ընդծեց այն մեծ ուշադրությունն ու վստահությունը, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հատկացնում է բուհի ուսանողությանը։ 

«Ոսկե հասկ» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են տրվել նաեւ հետեւյալ  անվանակարգերում՝ «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ֆակուլտետ», «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «Լավագույն կուրս», «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն», «Լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»: