Իրենք որեւէ իրավական հիմնավորում չունեն նիստ հրավիրելու: Այս մասին այսօր ՝դեկտեմբերի 26-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Սուքիաս Ավետիսյանը:
«Զավեշտ է, ես չեմ էլ ուզում դրա մասին երկար խոսել: Ուրեմն, եթե կանոնակարգը նայել են, իրենք իրավունք չունեին նիստ հրավիրելու, իրենք կարող էին նիստի մասին տեղյակ պահել եւ որ անհրաժեշտություն լիներ, հրավիրել, ամեն դեպքում, իրենք որեւէ իրավական հիմնավորում չունեն նիստ հրավիրելու, իսկ որ զավեշտ է, զավեշտ է, որովհետեւ Լյուդմիլան հայտարարել է, որ ինքը ձեռնպահ է, հիմա եթե հետո իրենք հասկացել են, որ թվաբանությունից թույլ են, դա արդեն ուրիշ բան է, նրանք, ովքեր ներկա են եղել, թող իրենք մեկնաբանեն, ես մեկնաբանություն չունեմ: Ես մի բան ասեմ. կանոնակարգում ցույց տվեք, որ փաստը չհիմնավորված կարող են նիստ հրավիրել: Այդպես լինի, ամեն օր կարող են նիստ հրավիրել: Հաշվիչ հանձնաժողովն ինչի՞ համար է. ձայներ հաշվելու համար է չէ՞, այն աշխատում է հերթական եւ արտահերթ նստաշրջանի ժամանակ, հիմա արձակուրդի էս շրջանում ի՞նչ են ուզում, հաշվիչ հանձնաժողովը ի՞նչ ունի անելու: Հիմա էս Նոր տարվա շրջանում իրենք ուզում են ցույց տալ, որ հաշվիչ հանձնաժողով են, ես չգիտեմ՝ Ձմեռ պապիներին պիտի հաշվի, թե տոնածառի խաղալիքները: Թող հաշվեն, խնդիր չկա, եթե դրանով են ուզում զբաղվել, ուրիշ գործ չունեն անելու, ես ուզում եմ շնորհավորել ձեր գալիք նոր տարին, Սուրբ Ծնունդը, տրամադրություններդ բարձր պահեք եւ նման զավեշտալի բաներով էլ մի զբաղվեք: Ինձ համար դա իրավական որեւէ հիմնավորում չունի, եղա՞վ, հիմա իրենք ինչ ուզում են, թող անեն»,- ասաց Հաշվիչ հանձնաժողովի արդեն նախկին նախագահը:
Նշենք, որ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների նախաձեռնած խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր իշխանափոխություն է եղել, նոր նախագահ է ընտրվել Լյուդմիլա Սարգսյանը:




























