Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, եզրափակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի 2013 թ. դասընթացը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ:
Դասախոսության ավարտից հետո Տիգրան Սարգսյանը պատասխանել է ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես մեր երկրի արտաքին քաղաքականության ուղղություններին, ՄՄ-ին ՀՀ անդամակցության եւ Եվրասիական տնտեսական տարածքում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին, այնպես էլ ներքին քաղաքականության առաջնահերթություններին՝ տարածքային համաչափ զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին եւ այլն:
ՀՀ արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընձեռված հնարավորության համար, ինչը թույլ տվեց դասախոսության ու հարցուպատասխանի միջոցով ապագա դիվանագետներին հանգամանալից ներկայացնել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության ուղղություններն ու հեռանկարները:
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2009թ. սեպտեմբերին, բացումը տեղի է ունեցել 2010 թ. փետրվարի 15-ին: Դպրոցի առաջնային նպատակներն են ԱԳՆ համակարգի համար դիվանագիտական կադրերի պատրաստումը, դիվանագետների, ինչպես նաեւ պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը եւ միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությունը:




























