«Ամերիա» բանկը վաճառում է գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը: Նա հիշեցրեց, որ ինքը դիմում էր գրել, որ իր գույքը արգելանքից հանեին, այնինչ ոչ միայն չեն հանել, այլեւ պայմանավորվածություններ են գնում, որ իր գույքը վաճառեն:
«Երբ դիմում ուղարկեցի, որ գույքս արգելանքից հանեն ասացին, որ ստորագրություններն ուղարկվել են փորձաքննության եւ դեռ պետք է հաստատվեն, բայց հիմա գույքը վաճառելու շուրջ պայմանավորվածություններ են ընթանում: Հիմա, եթե փորձաքննությունը հաստատեց, որ ստորագրությունը վարչապետինն ու Կճոյանինն են, իրենք պետք է մտածեն, թե ոնց են գույքը հետ տալու»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Ավելի վաղ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ վարչապետը:
«Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին` Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,– մանրամասնել էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրել, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:
Ընթացքում նա վերցված գումարներով, ոչ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է վերադարձրել: Դատական գործ է սկսվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել է իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը:





























