Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը այցելել է «Ազդակ», «Զարթոնք» եւ «Արարատ» օրաթերթերի խմբագրություններ, Ջբեյլի «Թռչնոց Բույն» մանուկների հաստատություն եւ Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն, որոնց ղեկավարներին եւ սաներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները, ինչպես նաեւ դրամական նվիրատվությունը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: ՀՀ նախագահի շնորհավորականներն ու նյութական աջակցությունը հայկական կառույցների կողմից ընդունվել են մեծ ոգեւորվածությամբ եւ երախտագիտությամբ:
Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ուղերձում ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ նվիրված աշխատանքի եւ գործադրած ջանքերի շնորհիվ լիբանանահայ մամուլն առավել գործուն եւ որակով կլուսաբանի համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, գրչի ճկունությամբ եւ զորությամբ, հայրենասիրությամբ, հաստատակամությամբ եւ արհեստավարժությամբ կնպաստի Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մասին համընդգրկուն նյութերի պատրաստմանն ու հրատարակմանը:
«Թռչնոց Բույն»-ի եւ «Զվարթնոց»-ի ղեկավարներին ու սաներին հասցեագրված ուղերձում ՀՀ նախագահը բարձր է գնահատել մանկավարժների անձնուրաց եւ ազգանվեր գործունեությունն՝ ուղղված հայ մանուկների եւ երիտասարդների կրթական, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացումն ապահովելուն:
Լրատվամիջոցների ղեկավարներն ու հաստատությունների տնօրենները հավաստիացրել են, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության եւ Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման ուղղությամբ: Նրանք իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շարունակական հոգատարության եւ ուշադրության համար, ինչպես նաեւ խնդրել են ՀՀ նախագահին փոխանցել իրենց ջերմագույն բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները գալիք տոների կապակցությամբ:




























