Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2014 թվականի հունվարի 8-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքի Իսակովի (1 արագաչափ` դեպի Արգավանդ գյուղի խաչմերուկ ուղղությամբ, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 70 կմ/ժ է) եւ Արցախի (2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) պողոտաներում նոր տեղադրված արագաչափ սարքերը:

Միաժամանակ տեղեկացնում ենք նաեւ, որ 2014 թվականի հունվարի 8-ից մինչեւ մարտի 1-ը Երեւան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվելու է 40 կմ/ժ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: