Թուրքական խորհրդարանի սկանդալային դեմք, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավոր Ջանան Արըթմանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից գրավոր պարզաբանումներ է պահանջել Գերմանիայում ապրիլի 9-ին ARD հեռուստաընկերության ցուցադրած եւ ապրիլի 13-ին էլ Phoenix հեռուստաընկերության եթերում ցուցադրվելիք «Aghet-Ein Völkermord» (Աղետ-Ցեղասպանություն) վավերագրական ֆիլմի կապակցությամբ, որը 90 րոպե ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստեր: Արըթմանի հարցերը հետեւյալն են.

1. Ինչո՞ւ ֆիլմի հեռարձակման հետ կապված ԱԳՆ չի կանչվել Անկարայում Գերմանիայի դեսպանը:

2. Ինչո՞ւ գերմանական իշխանություններին չի հայտնվել, որ այդ ֆիլմը կարող է վնաս հասցնել թուրք-գերմանական հարաբերություններին:

3. Ինչո՞ւ Թուրքիայի վարչապետը անցյալ շաբաթ Գերմանիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ չհայտնեց անհանգստությունը այդ վավերագրական ֆիլմի հետ կապված եւ արդյո՞ք գերմանական իշխանություններից պահանջվել է արգելել հիշյալ ֆիլմի ցուցադրումը:

4. Ինչո՞ւ է Թուրքիայի ԱԳՆ-ն պասիվ դիրք բռնել տարբեր երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանության վերաբերյալ որոշումներ ընդունելու, տարբեր երկրներում ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմեր ցուցադրելու նկատմամբ:

5. Ցեղասպանության պնդումների դեմ պետության կողմից լռություն պահպանելու քաղաքականությունը ընդունված հայեցակա՞րգ է: