Հարավային Սուդանի բանակը ապստամբներից հետ է գրավել Վերին Նեղոս նահանգի մայրաքաղաք Մալակալը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուերի խոսքը:
Նրա ներկայացմամբ՝ կառավարական զորքերն ամբողջությամբ վերահսկում են քաղաքը եւ հետապնդում ապստամբների ջոկատները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ագուերը հավելել է, որ հինգշաբթի ապստամբները վերահսկում էին քաղաքի կեսը: Դաժան մարտերը զորքերի եւ ապստամբների միջեւ սկսվել էին չորեքշաբթի:
Զինված ուժերի ստորաբաժանումների եւ տարբեր տոհմերի խմբավորումների միջեւ անկարգություններն ու մարտերը Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբեում սկսվել են դեկտեմբերի 16-ին, ապա տարածվել երկրի այլ շրջաններում: Երկրի նախագահ Սալվա Կիիրը հայտարարել է, որ հեղաշրջման փորձ է արվել եւ դրա կազմակերպման մեջ մեղադրել է նախկին փոխնախագահ Ռեիկ Մաշարին:





























