Ինդոնեզիական Բալի կղզում չորս մետրանոց պիտոնը Hyatt հյուրանոցի մոտակայքում խեղդել է անվտանգության աշխատակցին, հաղորդում է Agence France-Presse-ը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, սակայն ուրբաթ օձին դեռ չէին հայտնաբերել: Ոստիկանությունը կոչ է արել տեղի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին ուշադիր լինել եւ զգոնություն ցուցաբերել:

Իրավապահ մարմինները պատմել են, որ 59-ամյա թիկնապահ Ամբար Արիանտո Մուլյոն նկատել է օձին հյուրանոցի մոտակայքում եւ որոշել է բռնել նրան: Նա մեկ ձեռքով բռնել է սողունի գլխից, իսկ մյուսով՝ պոչից: Սակայն օձն այնքան ուժեղ է գտնվել, որ փաթաթվել է նրան պարանոցի շուրջ, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Օձի հարձակվելու պահին Մուլյոյի կողքին են գտնվել նրա ընկերները, սակայն նրանք շատ վախեցած են եղել, որպեսզի միջամտեն ու ազատեն իրենց ընկերոջը: Օձը կոտրել է իր զոհի պարանոցային ողերը: Այնուհետ օձը սողալով անհայտացել է: Հյուրանոցի մոտակայքում անցկացվում են մարդասպան օձի որոնողական աշխատանքներ: