ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ այսօր ասուլիսում հնչեցած հայտարարություններին:
«Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով»,-գրել է Օսկանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօրվա ասուլիսում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով օֆշորային սկանդալայի մասին հարցին, նշել է. «Ես ամենաշահագրգռված մարդն եմ, որ օֆշորային պատմությունը մինչեւ վերջ բացահայտվի, թե ինչպես էր հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն եւ դրա հիմնադիրների մեջ հիշառակել իմ անունը:
Այդ կինը, ով իմ անունով գրանցել է ձեռնարկություն Կիպրոսում, գրանցել է ձեռնարկություն նաեւ մահացած մարդու անունով, դա այն կինն է, որը կանգնած է այդ օֆշորային սկանդալի հիմքում: Ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանը ինչ տեղեկատվություն կտա այդ առումով (այդ կինը, ինչպես իր խոսքում նշեց հարց հնչեցրած լրագրողը, աշխատել է նախկին արտգործնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ՝ ֆոնդում-խմբ), ես կցանկանամ, որպեսզի փարատվեն այդ կասկածները, եւ ճիշտ կլինի, որ այն լրատվամիջոցները, ովքեր այդ թեմային մեծ ուշադրություն են դարձնում, լուսաբանեն այդ դրվագը եւ ներկայացնեն հանրության դատին»,- ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։





























