Եթովպիայում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը Ադիս Աբեբայում հանդիպումներ է ունեցել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության խորհրդարանի` Ներկայացուցիչների պալատի, խոսնակ Աբադուլա Գեմեդայի եւ արտաքին գործերի պետական նախարար Բերհան Գեբրե–Քրիստոսի հետ:
ՀՀ դեսպանը Աբադուլլա Գեմեդային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, իսկ Բերհան Գեբրե–Քրիստոսին` Եթովպիայի արտգործնախարար Թեդրոս Ադհանոմին հասցեագրված ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձները։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն սկզբնավորելու հնարավորությունները։ Այդ առումով կարեւորվեց տարբեր մակարդակներում պաշտոնական եւ հումանիտար շփումների ակտիվացումը, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, միջխորհրդարանական կապերի ստեղծումը, միջպետական հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը եւ այլն։ Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:
Դեսպան Մելքոնյանն այցելեց նաեւ Եթովպիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք, Ն.Ս. Աբուն Մատթեոսին, ում հետ զրույց ծավալվեց հայ-եթովպական պատմա–մշակութային եւ հոգեւոր սերտ առնչությունների, ինչպես նաեւ ներկա ժամանակաշրջանում դրանց նոր շունչ հաղորդելու ուղիների շուրջ։ Երկուստեք արժեվորվեց Եթովպիայի մշակութային եւ հասարակական կյանքում դարեր ի վեր հայ համայնքի ունեցած նշանակալից ներդրումը: Պատրիարքն իր բարեմաղթանքները փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ բարեկամ հայ ժողովրդին։





























