«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարում ելույթ է ունեցել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը՝ նշելով, որ արտաքին ճակատում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ նախագահական ընտրություններն են: Նրա խոսքով, եթե իշխանությունները չգնան այդ քայլին, ընդդիմության շարքերը ստվարանալու են, եւ «մենք դատապարտված կլինենք հաղթել»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալուն, Ա. Սարգսյանը նկատել է, որ դա ավելի շատ կվնասի իշխանություններին ու իշխանական կոալիցիային, քան ընդդիմությանը:
Ելույթ ունեցան նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը: Վերջինս նշեց, որ 2008թ. նախագահական ընտրությունները չեն ավարտվել, եւ դա շարունակում է մնալ օրակարգային հարց: «Կեղծվել է քաղաքացու ձայնը, քվեն, և դա հնարավոր չէ շրջանցել: Կեղծիքի վրա պետության շենքը ամուր կառուցել հնարավոր չէ»,- ընդգծել է Մ. Հայրապետյանը:




























