2010 թվականին համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի 4,2 տոկոս աճ: Նման կանխատեսում է արել Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ): Նկատենք, որ ԱՄՀ-ն մի փոքր ավելի լավատեսորեն է նայում իրավիճակին, հաշվի առնելով, որ մինչ այդ ԱՄՀ-ն կանխատեսել էր համաշխարհային տնտեսության աճ` 3,9 տոկոսի սահմաններում:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա ըստ ԱՄՀ-ի World Economic Outlook զեկույցում առկա կանխատեսումների, 2010 թվականի արդյունքներով ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը կտատանվի 4 տոկոսի սահմաններում, փոխարենը 2011-ին տեղի կունենա ԱՊՀ երկրների ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում: Ռուսաստանում եւս 2010-ի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 4 տոկոսանոց աճ, իսկ 2011-ի համար` 3,3 տոկոսանոց աճ: Հիշեցնենք, որ օրերս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական տնտեսությունը վերելքի մեջ է, եւ նոր արձանագրվելիք ցուցանիշները շուտով դա ցույց կտան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ ԱՄՀ-ի՝ մեր երկրում 2010-ի վերջին կգրանցվի 1,5 տոկոսանոց աճ, ինչը ավելին է, քան նախկինում կանխատեսված 1,2 տոկոսանոց աճը: