Ղազախստանում պատժամիջոցների պատճառով դադարել են ռուսաստանցիներին մեքենա վաճառել՝ անգամ տեղի գրանցում ունեցողներին, գրում է «Mash Money»-ն։ Ըստ աղբյուրի՝ Ալմաթիի «Skoda» ավտոսրահում Ռուսաստանի մի քաղաքացու մերժել են գործարք ձևակերպել ռուսական անձնագրով՝ պատճառաբանելով Եվրամիության պատժամիջոցներն ու չեխական կոնցեռնի քաղաքականությունը։
Նման դեպքեր նախկինում էլ էին եղել, բայց միայն Ղազախստանում չբնակվողների պարագայում։ Ինչպես նշում էին «Autonews»-ն ու «Kazakhstan Today»-ը, վաճառքի սահմանափակումներ էին մտցրել «Hyundai», «Kia», «Toyota», «Volkswagen», «Chery», «Audi», «Nissan», «Lexus» և «Lada» մակնիշների տեղական դիլերները։ Ընդ որում, «Volkswagen»-ում հղում էին անում քաղաքական իրավիճակին, «Audi»-ում շեշտում էին գործարանի ուղիղ արգելքը, իսկ «Kia»-ն մեքենա էր վաճառում միայն կացության քարտ կամ հարկային նույնականացման կոդ ունեցողներին։
El.kz-ի փոխանցմամբ՝ քանի որ շատ դիլերներ պատժամիջոցների վախից խուսափում են ուղիղ առքուվաճառքից, ռուսաստանցիները մեքենաներ են գնում տեղացի միջնորդների օգնությամբ։ Եկատերինբուրգցի գնորդ Իլյա Մազաևն էլ «Авто Mail»-ին պատմել է, որ Ղազախստանում գործարքը ձևակերպելիս իրեն միանգամից առաջարկել են հարցերը լուծել շրջանցիկ տարբերակներով։
Ռուսաստանի ավտոմոբիլային ազգային միության փոխնախագահ Անտոն Շապարինի խոսքով՝ դիլերները պարզապես վախենում են զրկվել մատակարարումներից։ Եթե գլխամասային արտադրողները կասկածեն, որ ղազախական կողմն օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները, պարզապես կխզեն նրանց հետ բոլոր պայմանագրերը։





























