Այսօր` ապրիլի 22-ին Արարատի մարզի Դմիտրով համայնքում գտնվող ֆերմեր Հենրիկ Եղիազարյանի այգին մի քանի ժամով լիզինգային պայմանագրերի ստորագրման վայր է դարձել մի շարք ֆերմերների համար, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել լիզինգի ենթակա 50 տրակտորներից 7-ը: Սա իրականություն է դարձել Ֆարմ Կրեդիտ Արմենիա (ՖԿԱ) վարկային կազմակերպության շնորհիվ, որը հանդիսանում է Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան (ՀՄ-Հայաստան) ծրագրի վարկային բաղադրիչի տասը վարկատու կազմակերպություններից մեկը:

Միջոցառումը բացել է ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը, ով ներկայացրել է, թե ինչպես է ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) եւ Հազարամյակի մարտահարվերներ կորպորացիայի միջոցով օժանդակում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին: Դեսպանը նաեւ կարևորել է ՖԿԱ-ի` որպես ՀՄՀ-Հայաստանի վարկային բաղադրիչի մասնակից կազմակերպության, դերը: ԱՄՆ գյուղդեպարտամենտի կողմից ստեղծված այս վարկատու կազմակերպությունը կարևոր դերակատարություն է ձեռք բերել գյուղատնտեսության ֆինանսավորման դաշտում՝ ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ՀՄ-Հայաստանի միջոցներով` այդպիսով ապահովելով գյուղատնտեսության ոլորտում ԱՄՆ կառավարության օժանդակության կայունությունը:

9 այլ ֆինանսական կազմակերպությունների հետ միասին՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիան ընտրվել էր որպես ՀՄՀ-Հայաստան ծրագրի վարկայի բաղադրիչի շրջանակներում տրամադրվող 8.5 միլիոն ԱՄՆ դոլար գումարը բաշխող կազմակերպություն: Վարկերը ուղղվում են ոռոգման տեխնոլոգիաների, ջերմատների, սառնարանային տնտեսությունների, պտղատու այգիների հիմնմանը, վերամշակմանը և ՀՄ-Հայաստան ծրագրի կողմից խրախուսվող այլ տիպի գործունեության խթանմանը: Սարքավորումների լիզինգը գյուղատնտեսության ֆինանսավորման եւս մի կարևոր ճյուղ է, որը հայ ֆերմերների համար մատչելի է դարձնում ժամանակակից տրակտորների և մեքենաների ձեռքբերումը: ՖԿԱ-ն առաջիններից է, ով Հայաստանում իրականացնում է գյուղատնտեսական մեքենաների լիզինգ և ՀՄ-Հայաստանի ֆինանսավորմամբ ներկրել է 50 տրակտոր:

Ընդհանուր առմամբ, 2007-ից առ այսօր ՀՄՀ-Հայաստանը շուրջ 7.3 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է հատկացրել 633 վարկառուի: ԱՄՆ կառավարության ընդհանուր ներդրումը Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ՀՄ-Հայաստան ծրագրի միջոցով կազմում է շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար, որը կտեղաբաշխվի մինչև 2011թ.-ի սեպտեմբեր ամիսը: