Ելնելով 2010-ի առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշներից, ըստ որի՝ գրանցվել է 5,5 տոկոսանոց տնտեսական աճ, անհրաժեշտություն է առաջացել ձևավորել նոր հարկային բազա, որը մշակելու եւ ներկայացնելու է Ֆինանսների նախարարությունը: Այս մասին այսօր` ապրիլի 22-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այնուհետեւ անդրադառնալով արտաքին պարտքին՝ վարչապետը նշել է, որ այս տարի արտաքին պարտքը գտնվելու է օրենքով նախատեսված ցուցանիշի սահմաններում և կառավարությունը շարունակելու է վարկեր վերցնելու բանակցությունները։ Ըստ նրա, միջոցները վարկերի տեսքով տրամադրվելու են տնտեսվարողներին, իսկ վարկի սպասարկումն իրականացվելու է ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ այն իրականացնելու են տնտեսվարողները։
Տ. Սարգսյանի խոսքով, առաջին եռամսյակում աճ է գրանցվել գրեթե բոլոր ճյուղերում՝ բացառությամբ շինարարության: Մասնավորապես՝ աճել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտները։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը մտել է վերականգնման փուլ։




























