Վերաքննիչ դատարանն այսօր՝ մարտի 5-ին, մերժել է փոխել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Ձերբակալման որոշման վերաբերյալ դիմումը մերժելիս Վերաքննիչ դատարանը հիմնավորում չներկայացրեց, բայց, Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ, դատական նիստին ժամանակ աբսուրդ փաստարկներ էին ներկայացնում, թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա պետք է գնար եւ ապրեր Եղվարդի իր տանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ի տարբերություն Կոտայքի մարզի առաջին ընդհանուր իրավասության դատարանի՝ Վերաքննիչ դատարանը նիստը անց է կացրել դռնբաց: Նա միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ խնդրելով պահանջել Վարդան Պետրոսյանի գործի վերաբերյալ նյութերը, որպեսզի օբյեկտիվ պատկեր ունենա՝ արդյոք ձերբակալման որոշումը օրինական է եղել, թե ոչ: Սակայն, դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, թե կբավարարվի իր մոտ եղած նյութերով:
Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել, իսկ այն վարույթ չընդունվելու դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:




























