Հայ մշակույթի գործիչները մտադիր են Թբիլիսիում հանդես գալ բավական լայն ու բազմաբնույթ ծրագրով: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, խոսելով եկող շաբաթ Վրաստանում տեղի ունենալիք Հայաստանի մշակույթի օրերի բացման մասին: Նրա խոսքով, այս հանգստյան օրերին Թբիլիսի է ժամանում հայ մշակույթի գործիչների մոտ 80 հոգուց բաղկացած մեծ խումբ: «Նախորդ տարի Երեւանում տեղի ունեցան Վրաստանի մշակույթի օրեր, իսկ մայիսի 3-5-ը Թբիլիսիում արդեն կկայանան Հայաստանի մշակույթի օրերը, որտեղ հանդիսատեսին կներկայացվեն արվեստի ամենատարբեր ոլորտներ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ Թբիլիսիում հայտնի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի եւ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անուններով հուշատախտակներ կբացվեն, որոնք ծնունդով այս քաղաքից են:
Նախատեսված է կազմակերպել բազմաթիվ ցուցահանդեսներ, այդ թվում նաեւ Վրաստանի հայ նկարիչների ցուցահանդեսներ, կլինեն համերգային ծրագրեր:
Իր հերթին, Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր եւ գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Թբիլիսիի հանդիսատեսի դատին կհանձնեն «Լարեվանգա» ժամանակակից բալետը: Հարցին, թե ե՞րբ Թբիլիսիում կցուցադրվի «Սպարտակ» բալետը, Խառատյանը պատասխանեց, որ չի բացառվում, որ մոտ ապագայում դա իրականություն դառնա, բայց դրա համար պետք է Թբիլիսի ժամանի բալետային ողջ խումբը:




























