Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այսօր` աշխատավորների օրվա կապակցությամբ երթ ու հանրահավաք է կազմակերպել: Միջոցառումը տեղի է ունեցել հորդառատ անձրեւի տա:

Արդեն որերորդ տարին է, որ հայ կոմունիստների ջանքերով մայիսի 1-ին մեկ ժամով Երեւանի կենտրոնը փոխում է իր տեսքը: Կոմունիստները Մաշտոցի պողոտայով կարմիր դրոշներով եւ պաստառներով, նվագախմբի ուղեկցությամբ երթ անցկացնելով՝ անցորդներին հիշեցնում են «հին ու բարի» ժամանակները, երբ մայիսի 1-ին ողջ հանրապետությունը թնդում էր պաթետիկ կոմունիստական «Կեցցե»-ներով ու «Փառք»-երով:

Այս տարի ակցիայի մասնակիցները հավաքվել են առավոտյան ժամը 11-ին՝ Սարյանի արձանի մոտ, որտեղից լսվում էին տոնական եւ հեղափոխական քայլերգեր: Երթը նվագախմբի ուղեկցությամբ անցել է Մաշտոցի, Խորենացի փողոցներով եւ Շահումյան հրապարակով: Հայ կոմունիստների գլխավոր կարգախոսն է՝ վերադարձնել Հայաստանը զարգացման սոցիալիստական ուղի եւ սոցիալական երաշխիքներ տալ աշխատավորներին, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ տարիներին:

Ստեփան Շահումյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում ելույթ է ունեցել Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ով ընդգծել է, որ միայն սոցիալիզմը կարող է աշխատավորներին վերադարձնել արժանապատիվ աշխատանքի եւ բարեկեցության իրավունքը:

Նշենք, որ կոմունիստների երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ հնչում էր նաեւ «Առաջ Հայաստան» կարգախոսը: