Հայրենական Մեծ պատերազմի 65-րդ տարեդարձին նվիրված Մոսկվայում կայանալիք տոնական շքերթին մասնակցելու համար Հայաստանից Մոսկվա է մեկնելու շուրջ 70 հոգուց բաղկացած զորախումբ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը։
Նշելով, որ առավել ճշգրիտ տեղեկատվություն կտարածվի միայն երկուշաբթի՝ մայիսի 3-ին, նա, այնուամենայնիվ, տեղեկացրեց, որ Մոսկվայում կայանալիք տոնական զորահանդեսին մասնակցելու համար Հայաստանից մեկնելու են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաեւ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ։ «Եթե ճիշտն ասեմ, զորախումբը երեկ արդեն իսկ մեկնել է Մոսկվա»,- որպես գաղտնիք բացեց Սեյրան Շահսուվարյանը։
Նշենք, որ այս տարի նշվում է Հայրենական Մեծ պատերազմի 65-րդ տարելիցը։ Այն տեւել է 5 տարի՝ 1941-1945թթ., որին բազմաթիվ ազգերի հետ մասնակցել են նաեւ հայերը՝ հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ ուղարկելով ռազմաճակատ, որոնց մի զգալի մասը զոհվեց պատերազմի դաշտերում՝ չճաշակելով հաղթանակի բերկրանքը։




























