ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները եւ երկրում ստեղծված հասարակական-քաղաքական ծանրագույն վիճակը, քաղբանտարկյալների առկայությունը հուշում էին, որ ժամանակն է ձևավորել մի խումբ, որը համացանցային ֆորումներում խոսելու փոխարեն կսկսի գործել ու նպաստել սահմանադրական կարգի վերականգնմանը Հայաստանում։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում, ուր արդեն սկսվել էին քաղաքական զբոսանքները, մի վայր, որը դարձել էր ազատության ու միասնականության օրրանը։

Բավական սեղմ ժամկետներում ձեւավորված նախաձեռնությունը սկսեց բազմաբնույթ ակցիաներ իրականացնել՝ հիմնական շեշտը դնելով մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու վրա։

Այժմ նախաձեռնության անդամները զբաղված են ինքնակրթությամբ, մասնակցում են մարդու իրավունքների հետ կապված տարբեր սեմինարների, ծրագրերի, համագործակցում են հայաստանյան, ինչպես նաեւ արտերկրում համանման նախաձեռնությունների հետ։ Որպես ՀԱԿ անդամ նախաձեռնություն՝ „Հատուկ գունդը“ բավական սերտ եւ արդյունավետ համագործակցում է նաեւ ՀԱԿ այլ նախաձեռնությունների եւ կուսակցությունների հետ։

„Հատուկ գունդը“, անկախ քաղաքական զարգացումներից, շարունակելու է պայքարը մինչև այն ժամը, երբ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն քաղբանտարկյալ չի լինի, այլ նույնիսկ մեկ մարդու իրավունք ոտնահարված չի լինի։

Պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ՝ Ազատ, Ակախ Հայաստան»:

Հիշեցնենք, որ օրերս «Հատուկ Գունդը» նշեց իր ստեղծման 2-ամյակը: