Մայիսի 2-ին «Բարեգործական սպորտ մղոն» (Sport Relief Mile) նախաձեռենության շրջանակում Մատենադարանի մոտից շուրջ 50 մարդ, այդ թվում նաեւ Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլը վազել են դեպի Հանրապետության հրապարակ:
Բարեգործական վազքի նատակը Հայաստանի պարաօլիմիպիկ կոմիտեի համար գումար հավաքելն էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի դեսպանն ասել է, որ իր ընկերներն իրեն մոտ 700-800 դոլար են խոստացել վազելու համար.
«Իրականում գումարի քանակը կախված էր նրանից, թե ես որքան արագ կվազեի: Որոշ մարդիկ ինձ ասացին, որ ավելի շատ փող են պատրաստ տալ, եթե ավելի արագ վազեմ: Այդ պատճառով նպատակադրված արագ վազում էի»,-ժպտալով ասել է նա:
Դեսպանատան հաղորդակցության հարցերով ղեկավար` Մարիա Սադոյանը նշել է, որ դեռ պարզ չէ, թե ընդհանուր հաշվով որքան գումար է հավաքվել, քանի որ վազորդներն ունեն իրենց հովանավորները, ովքեր իրենց խոստանում են կամ առձեռն տալիս են որոշակի գումարներ: «Բարեգործական միջոցառումը ավելի շատ շեշտը դնում է անձնական բարեգործական ներդրումների, քան մեծ ընկերությունների եւ կազմակերպությունների վրա»,-հավելել է նա:
Պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն իր հերթին ասել է, որ հավաքագրված գումարով հաշմանդամային սպորտին նվիրված գիտաժողով են կազմակերպելու: «Բարեգործական վազքի ամենակարեւոր նշանակությունն այն է, որ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում հաշմանդամների հիմնախնդիրների վրա: Հայաստանում հաշմանդամային սպորտը ֆինանսավորված ոլորտ չէ եւ փորձում ենք նաեւ այս ձեւով կառավարության ուշադրությունը հրավիրել»,-հավելել է նա:
Նշենք, որ Հայաստանում այսպիսի բարեգործական միջոցառում առաջին անգամ է անցկացվում: «Բարեգործական սպորտային մղոն» (Sport Relief Mile) նախաձեռնությունը պատկանում է բրիտանական բարեգործական Comic Relief կազմակերպությանը: Այն որոշակիորեն նման է գրազի: Մասնակիցները հայտարարում են, որ պատրաստ են մեկ մղոն վազելու եւ գտնում են հովանավորներ, ովքեր իրենց գումար կվճարեն դրա համար:
Ի դեպ, նշենք, որ Մատենադարանից մինչեւ հրապարակ մեկ մղոն է (մոտ մեկ մղոն կամ 1,6 կիլոմետր): 2010-ին Մեծ Բրիտանիայում միջոցառմանը մասնակցել է մոտ կես միլիոն մարդ` հանրաճանաչ մարդիկ ու մանուկներ, ծերեր ու երիտասարդներ, առողջ մարդիկ ու հատուկ կարիք ունեցողներ, սպորտի ֆանատներ ու բազկաթոռի սիրահարներ:




























