Հարցվածների 56 տոկոսը կտային իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս նախագահ Բակո Սահակյանին, եթե երկրի ղեկավարի ընտրություններն անցկացվեին հիմա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում մայիսի 3-ին հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, երկրորդ տեղում ԼՂՀ Արտաքին քաղաքական եւ անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանի կուսակցությունը՝ 2,8 տոկոս ձայներով:

Ինչպես նշել է Ահարոն Ադիբեկյանը, հարցվածների 17,2 տոկոսը կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր ձայնը կտա «Ազատ Հայրենիք» կուսակցությանը, 15,8 տոկոսը՝ Ժողովրդավարական կուսակցությանը: Երրորդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցությունն է:

«Համաձայն հարցման՝ պատգամավորական մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ՝ „Ազատ Հայրենիք“- 13 տեղ, Ժողովրդավարական կուսակցություն՝ 11 տեղ, ՀՅԴ՝ 5 տեղ: 4 մանդատ բաժին կհասնի անկուսակցական թեկնածուներին»,- կանխատեսել է նա:

Ադիբեկյանը նշել է նաեւ, որ հարցվածների 35 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը առաջիկա ընտրություններում: