BP ընկերությունը մտադիր է երկաթբետոնե սալի օգնությամբ դադարեցնել նավթի արտահոսքը Մեքսիկական ծոցում: Առաջին սալը 100 տոննա քաշով պատրաստ կլինի արդեն 48 ժամվա ընթացքում:

98-տոննա քաշով բրգաձեւ կոնստրուկցիան արտահոսքի վայրում տեղադրվելու է շաբաթվա վերջին: Լուիզիանայի Wild Well Control ընկերությունը BP-ի պատվերով սարքելու է նման երեք բլոկներ:

Ավելի վաղ ԱՄՆ ծովափնյա պաշտպանության ծառայության ղեկավար, ծովակալ Թեդ Ալենը հայտարարել է, որ արտահոսքի լիակատար վերացման համար անհրաժեշտ է պաշտպանական խցան, որի ստեղծման համար առնվազն 90 օր է անհրաժեշտ:

BP ընկերությունը, որին պատկանում էր խորտակված նավթահորը, խոստացել է վճարել բոլոր ծախսերը: Կորուստի չափը գնահատվում է 5 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ Deepwater Horizon նավթաշտարակը խորտակվել էր ապրիլի 22-ին՝ 36 ժամ տեւած հրդեհից հետո: ԱՄՆ վթարային ծառայությունները սկսել են նավթի վերահսկվող այրումը, որ մեծ քանակությամբ լցվում է ծովը: Լուիզիանայում եւ հարակից նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել: